Հայաստանի Սահմանադրությունում նշվում է, որ յուրաքանչյուրը մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք ունի: Սակայն կրոնական փոքրամասնությունների խմբերը հայտարարել են, որ նրանք հատկապես մտահոգված են կրոնի ազատության մասին օրինագծի հնարավոր բացասական ազդեցությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2017 թվականի ընթացքում աշխարհում կրոնի ազատության մասին զեկույցում:

Զեկույցի համաձայն, քրիստոնյա կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ շարունակում են ազատորեն քարոզել իրենց հավատքը, սակայն որոշ քրիստոնյաներ պնդել են, որ նրանք իրենց պարտավոր են զգում ծեսերն աննկատ անցկացնել, հատկապես բանակում ծառայելու ընթացքում:

Զեկույցում նշվում է, որ իրավապաշտպանները անհանգստություն են արտահայտել կառավարության եւ Հայ Առաքելական եկեղեցու հայացքների համընկման կապակցությամբ՝ դպրոցներում ուսուցանելու առումով, որտեղ հաճախ Հայ Առաքելական եկեղեցու պատկանելիությունը հավասարեցվում է ազգային ինքնության հետ:

Ի տարբերություն նախորդ տարվա, Եհովայի վկաները չեն հայտնել իրենց հետեւորդների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին: Կրճատվել են նաեւ բառերով վիրավորելու դեպքերը, ինչը Եհովայի վկաները բացատրում են ոստիկանության օպերատիվ գործողություններով:

Զեկույցում ընդգծվում է, որ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը շարունակվում է բարելավվել լրատվամիջոցներում: Վերաբերմունքը դարձել է ավելի հավասարակշռված եւ ճշգրիտ, սակայն Եհովայի վկաները հաղորդել են ԶԼՄ-ում որոշ բացասական հրապարակումների մասին:

ԱՄՆ դեսպանը եւ դեսպանատան մյուս պաշտոնյաները կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ շարունակել են կրոնական հանդուրժողականություն եւ միջկրոնական երկխոսություն քարոզել: Դեսպանատան աշխատակիցները հանդիպումներ են ունեցել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների հետ: