Միացյալ Նահանգները խոստացել է օգտվել վետոյի իր իրավունքից, եթե պաղեստինցիների պաշտպանության ՄԱԿ ԱԽ բանաձեւի քուվեյթյան նախագիծը քվեարկության դրվի, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«ԱՄՆ-ն անպայման վետո կդնի բանաձեւի քուվեյթյան նախագծի վրա»,- նշված է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի տարածած հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ փաստաթղթի տեքստում պարունակվում է իրավիճակին «բացարձակապես միակողմանի մոտեցում», որը «հակաբարոյական է եւ միայն կխափանի իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության հասնելու ներկայիս ջանքերը»:
Հեյլին նշել է, որ բանաձեւի նախագծում ՀԱՄԱՍ պաղեստիյան շարժման մասին «ոչ մի հիշատակում չկա», որը, նրա հայտարարությամբ, «վերջերս Գազայում իրագործված բռնության գլխավոր պատասխանատուն է»:
Նրա պնդմամբ՝ «բանաձեւում Իսրայելին ուղղված կոչ է պարունակվում ինքնապաշտպանության կարգով իր գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին», ինչպես նաեւ «քննադարտվում է» Գազայում քաղաքացիական անձանց դեմ իսրայելական ուժերի կողմից «չափազանց մեծ» եւ «անխտրական» ուժի կիրառումը:





























