ԱՄՆ-ի զինվորականները Եվրոպայի անվտանգության բարձրացման համար նախնական քննարկումներ են անցկացրել Գերմանիայում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներին:

THAAD-ի տեղակայման նախնական առաջարկը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշման ընդունմանը:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նման որոշում չի կայացվել:

 «Այս պահին Գերմանիայում THAAD համակարգերը տեղակայելու ծրագրեր չկան, մենք չենք քննարկում ռազմական ծրագրման  հնարավոր ապագան, քանի որ մենք չենք ուզում ազդարարել մեր մտադրությունները հնարավոր հակառակորդներին: Գերմանիան մնում է մեր մերձավոր գործընկերներից եւ ամենաազդեցիկ դաշնակիցներից մեկը», - ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Էրիկ Պախոնը:

Ամերիկյան ռազմական պաշտոնյան հաղորդել է, որ գերմանացի զինվորական պաշտոնյաների հետ նախնական բանակցություններ են եղել Գերմանիայի Ռամշտեյն օդանավակայանում THAAD համակարգի տեղակայման մասին: «Սա եւս մեկ քաղաքական ուղերձ կլիներ եվրոպացիներին, որ մենք լուրջ ենք վերաբերվում մեր դաշնակիցների պաշտպանությանը», - ասել է պաշտոնյան: