ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման օրակարգը չի ներառելու Կորեայի հանրապետությունում ամերիկացի զինվորականների ներկայության հարցը։ Այս մասին Սինգապուրում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս հարցը չկա Սինգապուրում հունիսի 12-ին կայանալիք հանդիպման օրակարգում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ասիական –Խաղաղօվկիանոսյան «Շանգրի-լա երկխոսություն» անվտանգության հարցերով միջազգային համաժողովին։ Ելույթը հեռարձակվում էր Պենտագոնի կայքում։
Նրա խոսքով՝ այս թեման կարող է քննարկվել միայն Վաշինգթոնի ու Սեուլի կողմից, քանի որ ամերիկացի զինծառայողները գտնվում են թերակղզում ԿՀ հրավերքով ու այդ հարցը «չունի առնչություն բանակցություններին, որոնք ընթանում են ԿԺԴՀ-ի հետ»
Միաժամանակ Մեթիսը նշել է , որ Հարավային Կորեայում ամերիկյան կոնտինգենտի ներկայությունը նշանակում է «ընդունել մարտահրավերը անվտանգության ոլորտում»։ Եթե դիվանագետներին արդյունքում հաջողվի «վերացնել սպառնալիքը», , ապա ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան, «որպես երկու ինքնիշխան ժողովրդավարական պետություններ» կկարողանան վերադառնալ այդ հարցին, հավելել է նա։
Պենտագոնի ղեկավարը նաեւ շեշտել է, որ ԱՄՆ-ն չի դիտարկում կորեական հարցի լուծման ռազմական տարբերակը։ «Վաշինգթոնի դիրքորոշումը դիվանագիտական ջանքերն են, որոնք ձեռնարկվում են վերջին տարիներին»,- ասել է նա՝ պատասխանելով թերակղզու խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին հարցին։ Մեթիսը շեշտել է, որ «Միացյալ նահանգների նպատակն է Կորեական թերակղզու լիարժեք ու վերահսկելի ապամիջուկայնացումը»։
Թրամփը նախօրեին հայտնել էր, որ Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում իր հանդիպումը այնուամենայնիվ կկայանա։





























