Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ մաքսատուրքեր ներդնել հարեւան երկրից ներկրվող պողպատյա ու ալյումինային արտադրանքի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես Թրյուդոն քննադատել է Թրամփի խոսքն այն մասին, որ նրա աշխատակազմը որոշել է տուրքեր սահմանել, որպեսզի պաշտպանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերը։ «Այն գաղափարը, որ մենք որեւէ կերպ սպառնալիք ենք հանդիսանում ԱՄՆ ազգային անվտանգությանը, անկեղծ ասած, վիրավորական ու անթույլատրելի է»,- շեշտել է վարչապետը։ Նա հիշեցրել է, որ կանադական պողպպատն ու այլումինումը գործածվում են ԱՄՆ ռազմական տեխնիկայի ստեղծման մեջ, այդ թվում կործանիչների։
Վարչապետը նաեւ հայտնել է, որ չգիտի, թե ինչի է ձգտում Թրամփը՝ տուրքեր սահմանելով Կանադայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը ասում է, որ «մտահոգված է առեւտրային դեֆիցիտի համար»։ Նրանք ունեն 2 միլիարդ դոլարի պրոֆիցիտ՝ մեզ հետ առեւտրում»,- ասել է Թրյուդոն։ «Այնպես որ, այս հարցում կարծես անհավասարակշռված առեւտրի մասին խոսք լինել չի կարող, որը կհակասեր ԱՄՆ շահերին»,- ասել է վարչապետը այն հարցազրույցում, որը եթերում կցուցադրվի ավելի ուշ ։
Հինգշաբթի ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսսը հայտնել է, որ ամերիկյան աշխատակզմը հունիսի մեկից ԵՄ-ից , Կանադայից ու Մեքսիկայից պողպատյա ու ալյումինային արտադրանքի ներմուծման վրա մաքսատուրքեր է ներդնում՝ պողպատի համար 25 տոկոսի, իսկ այլումինումի համար 10 տոկոսի չափով։
Ավելի ուշ Թրյուդոն հայտնել էր, որ Օտտավան կձեռնարկի պատասխան քայլեր, իսկ Կանադայի ԱԳ նախարար Խրիստյա Ֆրիլանդը խոստացել է վիճարկել Վաշինգթոնի որոշումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում։ Նախարարը նաեւ պարզաբանել է, որ Կանադան լրացուցիչ սահմանափակումներ է սահմանելու ոչ մետաղական արտադրանքի համար, որպեսզի հավասարեցնի ամերիկացիների գործողություններից պատճառված ենթադրյալ վնասը, որը Օտտավան գնահատում է 12․8 միլիարդ ամերիկյան դոլար։





























