Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի միջեւ հունիսի 12-ին կայանալիք գագաթաժողովի նախապատաստումը նյութատեխնիկական ապահովման խնդրին է բախվել՝ կողմերը չեն կարողանում որոշել, թե ով է վճարելու Կիմ Չեն Ընի հյուրանոցային համարի համար, հաղորդում է «Ինտերֆաքսը» ՝վկայակոչելով Washington Post-ը։

Fullerton հյուրանոցում նախագահական լյուքս համարը, որտեղ ծրագրում է իջեւանել հյուսիսկորեացի առաջնորդը, մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժե, չհաշված  Հյուսիսային Կորեայի պատվիրակության տեղակայումը, նշում է պարբերականը։ Բացի դրանից, Փհենյանից ժամանող հյուրերին Սինգապուր տեղափոխելու համար կարող է նաեւ կողմնակի պետության օդանավ պահանջվել ։

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները կցանկանային, որ ծախսերը ստանձներ մյուս կողմը , հայտնել է պարբերականի աղբյուրը։ ԱՄՆ-ն պատրաստ չէ ստանձնել դրանք։ Սակայն միաժամանակ ամերիկյան կողմը մտավախություններ ունի, որ ԿԺԴՀ-ն դա կարող է ընկալել որպես վիրավորանք։ Դրա համար էլ ԱՄՆ-ն բանակցում է Սինգապուրի հետ այն մասին, որ նա վճարի հյուսիսկորեական հաշիվները։

Նման փորձ նախկինում էլ է կիրառվել, նշում է պարբերականը։ Եվ այսպես, Փհենչհոնում Օլիմպիադայի ժամանակ Սեուլն է հոգացել Հյուսիսային Կորեայի պատվիրակության ծախսերը, վճարելով դրա համար 2․6 մլն դոլար։