ԱՄՆ-ն ողջունում է Չինաստանի հետ համագործակցությունը այնտեղ «որտեղ դա հնարավոր է թվում»։ Այս մասին շաբաթ հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Սինգապուրում։ Նրա ելույթը հեռարձակվել է Պենտագոնի կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա նաեւ շեշտել է, որ «ոչ մի պետություն չի կարող գերիշխել Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։

Մեթիսը հավելել է, որ շուտով Չինաստան է այցելելու։ «Չինաստանի հրավերքով ես շուտով կուղեւորվեմ Պեկին ՝ մեր խաղաղօվկիանոսյան պետությունների միջեւ միջազգային երկխոսությունը ընդլայնելու ու խորացնելու մեր բաց, թափանցիկ մոտեցման շրջանակում»,- ասել է նա, ճշգրտելով, որ այցելությունը նախատեսված է հունիսի վերջին։ Չինաստանում նրա հանդիպումների թեմաներից մեկն է դառնալու իրավիճակը Հարավ-Չինական ծովում։

Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի համոզմունքով, Չինաստանը պետք է դեր կատարի Հնդկաստանի ու Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններում։

«Չինաստանի քաղաքականությունը Հարավ- Չինական ծովում լրջորեն հակասում է մեր ռազմավարության բացությանը»,- ասել է նա՝ նկատելով, որ այդ տարածաշրջանում Չինաստանի գործողությունները հարցեր են առաջացնում Չինաստանի ավելի հեռահար մտադրությունների կապակցությամբ։

Մեթիսի խոսքով՝ Չինաստանը Հարավ-Չինական ծովում տեղակայում է հրթիռներ, այդ թվում հակաօդային, խափանումներ ստեղծելու համար միջոցներ, ու վերջերս կղզիներից մեկում վայրէջք է կատարել ռմբակոծիչ։ «Չնայած Չինաստանը հակառակն է վստահեցնում, բայց այդ սպառազինությունների տեղակայումը ուղղակիորեն կապակցված է ահաբեկման ու հարկադրման նպատակներով դրանց ռազմական գործածման հետ»,- հավաստիացնում է Պենտագոնի ղեկավարը։