Անցյալ տարվանից մեծ աշխատանք է տարվել Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարման վերաբերյալ, եւ դրանք շարունակվում են մինչ հիմա: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանի դեսպանը կարեւոր հանդիպումներ է անցկացնում: «Փառք Աստծուն, կասկածելի հեղինակություն ունեցող մարդիկ չգիտեն այդ աշխատանքների մանրամասները, եւ ես խորհուրդ կտայի ուշադրություն չդարձնել նման մարդկանց կողմից արվող հրատապարակումներին եւ հայտարարություններին»,- ասաց Բալայանը:

Նա վստահություն հայտնեց, որ նման հայտարարություններն արվել են միայն ուշադրություն գրավելու համար՝ հավելելով, որ ինչպես Չեխիայում Հայաստանի դեսպանատունը, այնպես էլ ՀՀ դեսպանատունը Սլովակիայում վստահեցնում են, որ մատակարարումների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է:

Ըստ Բալայանի՝ խնդիրը նրանում է, որ այդ զենքի վերջնական օգտագործման իրավունքը տրամադրվում է մի երկրի, սակայն այն գտնվել է մեկ այլ երկրում, ինչը ԵՄ համապատասխան կանոնակարգերի  կոպիտ խախտում է: