Քաթարն ուժեղ է առավել, քան երբեւէ եւ պատրաստ է տարածաշրջանային հարեւանների հետ բանակցություններին վերադառնալ։ Այս մասին հայտարարել է Քաթարի արտաքին գործերի նախարար Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին, հաղորդում է AFP-ն:

Ուղիղ մեկ տարի առաջ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ մի շարք այլ երկրներ խզել էին դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները Քաթարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները:

Ալ Թանիի խոսքով, բազում խոսակցություններ կան թվացյալ հաղթանակների եւ Քաթարի մեկուսացման մասին, բայց անցել է 1 տարի, եւ իրականությունը հակառակն է ցույց տվել, քանի որ Քաթարը դարձել է միջազգային գործընկեր, որին կարելի է վստահել։ Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանային հարեւանների հետ երկխոսության դուռը նախկինի պես բաց է։ Միաժամանակ, նա հայտնել է, որ Դոհան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման շուրջ: