«Ազատության նավատորմի» գրոհի մանրամասներն ուսումնասիրող իսրայելական հանձնաժողովը իրավաչափ է համարել իսրայելցի զինվորականների գործողությունները։

Հանձնաժողովի անդամների կարծիքով, արյունահեղության պատասխանատվությունն ընկած է ոչ թե Իսրայելի կառավարության եւ բանակի, այլ նրանց վրա, ովքեր գտնվել են նավի վրա։

Սակայն Թուրքիան հերքել է իսրայելական հանձնաժողովի եզրակացությունները։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին հայտարարել է, որ «իսրայելական հաշվետվությունը ոչինչ չարժե եւ դրան հավատալ չի կարելի»: Էրդողանը իսրայելական հանձնաժողովի եզրակացությունները «պատվիրված է» որակել։

2010 թվականի մայիսի 31-ին իսրայելցի զինվորականները գրոհել էին  վեց նավերից բաղկացած քարավանը, որոնք հումանիտար բեռ էին տեղափոխում Գազայի հատված։ Հանդիպելով նավատորմի ֆլագմանի հակազդեցությանը՝ իսրայելցի զինվորականները զենք էին գործադրել եւ սպանել 9 թուրքերի։ Տասնյակ մարդիկ վիրավորվել էին, հարյուրավորները ձերբակալվել եւ դեպորտի ենթարկվել։