Երեւանում բացօթյա առեւտուրն արգելելու քաղաքապետարանի որոշման իրականացումը բողոքի լուրջ ալիք է բարձրացրել այդ գործունեությամբ զբաղվողների շրջանում: Այսօր՝ հունվարի 24-ին նրանք կրկին հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի դիմաց եւ պահանջում են հանդիպում քաղաքապետի կամ որեւէ այլ պատասխանատու պաշտոնյայի հետ:
Բացօթյա առեւտրով զբաղվողները նշել են, որ քաղաքապետարանի որոշման արդյունքում իրենք գործազուրկ են դարձել եւ զրկվել օրվա հացի փող վաստակելու հնարավորությունից: Նրանք ընդգծել են, որ ճիշտ կլիներ, որպեսզի իրենց ժամանակ տրվեր, կամ էլ համարժեք այլընտրանք առաջարկվեր, որը չի արվել:
Բողոքի ակցիայի սկզբում ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ քաղաքապետարանի շենքին, սակայն որոշ ժամանակ անց, այդուհանդերձ, բողոքող քաղաքացիները մոտեցել են Երեւանի քաղաքապետարանի շենքին:
Քաղաքապետարանից որեւէ մեկը չի արձագանքել բողոքի ակցիային, փոխաները ոստիկանները շղթա են կազմել եւ իրենց պաշտպանության տակ առել քաղաքապետարանը:
Ցուցարարներին վրդովվեցրել է այն, որ թեեւ իրենց խոստացել էին լուծել տաղավարների խնդիրը, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, փոխարենը արգելել են իրենց աշխատել: Բացօթյա առետրով զբաղվողները խոստացել են շարունակել պայքարը, մինչեւ հարցի դրական լուծման հասնելը: Նրանք պահանջել են Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը:





























