Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև ռազմական գործողությունները գնալով ավելի թեժ բնույթ են ստանում՝ ընդգրկելով Էր Ռիադի կենսական նշանակություն ունեցող օբյեկտները։ Միևնույն ժամանակ, որոշ միջազգային ուժեր պետություններին դրդում են ոչ թե հակամարտության կարգավորման, այլ էսկալացիայի։ Հոկտեմբերի 12-ին այս մասին հայտնել է «Al Mayadeen»-ի թղթակից Աբդալլա ալ-Ֆարահը։
«Սաուդյան Արաբիայի օդանավակայաններն իսկապես դադարեցնում են աշխատանքը։ Մինչդեռ որոշակի ուժեր և պետություններ կողմերին մղում են իրավիճակի սրման, այլ ոչ թե դրա հանգուցալուծման», — նշել է ալ-Ֆարահը։
Ընդգծվում է, որ դիմակայության սաստկացման ֆոնին մեծանում է Եմենին հասցվող ավիահարվածների ինտենսիվությունը։ Մարտական գործողությունները շարունակվում են Թաիզից մինչև արևմտյան ափ ընկած ուղղություններով (Բաբ էլ-Մանդեբի նեղուցի, Մարիբի և Էլ-Ջաուֆի շրջաններում)։
Սանայի կառավարության պաշտպանության նախարարության խորհրդական Աբեդ աս-Սաուրը հայտարարել է, որ եմենյան կողմը կշարունակի հարվածներ հասցնել Էր Ռիյադի Աբդուլ-Ազիզ թագավորի անվան միջազգային օդանավակայանին, քանի դեռ Սաուդյան Արաբիան չի դադարեցրել ռազմական գործողությունները։
«Մենք կշարունակենք հարվածներ հասցնել այդ օդանավակայանին և այն լիովին շարքից կհանենք, քանի դեռ Սաուդյան Արաբիան չի դադարեցրել իր հանցագործությունները և չի ճանաչել մեր ժողովրդի ապրելու ու շրջափակումը վերացնելու իրավունքը։ Մնացած ամեն ինչը, այդ բոլոր հայտարարությունները, մեզ բացարձակապես չեն հետաքրքրում», — հայտարարել է խորհրդականը։





























