Առավոտյան ժամերին մեր ավտոբուսները շարժվում են ինչ-որ մի ժամանակ ծախսելով, իսկ պիկ ժամերին այդ ժամանակը մինչև 70-80% կարող է ավելանալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Երևանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա խոսում է մի կարևոր բանի մասին, որ ավտոբուսային գծերը պետք է մեր բոլոր հիմնական երթուղիներում լինեն, այսինքն մենք պետք է ապահովենք մեր ավտոբուսների և տրոլեյբուսների անխափան անցանելիությունը իրենց հիմնական երթուղիներով։ Դա չի նշանակում, որ ամբողջ քաղաքում, բոլոր տեղերում լինելու են ավտոբուսային գծեր, բայց դա նշանակում է, որ հիմնական անցուղիները ունենալու են առանձնացված ավտոբուսային գծեր։ Դա նշանակում է, որ ավտոբուսը ավելի քիչ ժամանակ է ծախսելու, նույնիսկ պիկ ժամերին A-ից B անցնելու համար։

Երկրորդը, որևէ մի փողոցում երկրորդ գծում կայանված մեքենան առաջին ավտոմեքենային պատճառում է 4 վայրկյան վնաս, երկրորդին արդեն 6 վայրկյան, և պիկ ժամին այդ շղթայական տրամաբանությամբ գնում հասնում է 1000-րդ ավտոմեքենային։ Եվ խոսքը, իհարկե, մի ավտոմեքենայի մասին չէ, որ երկու րոպեով կանգնել է, հետո մյուսն է գալիս մեկ այլ առիթով, հետո առաքիչ ն է գալիս մեկ այլ առիթով և երկու րոպե կամ 10 րոպե է կանգնում երկրորդ շարքում։ Դրա հետևանքով, օրինակ, 1000 մեքենան, եթե այդ նույն ճանապարհը պետք է անցնեին երեք ժամում, անցնում են չորս ժամում, կամ միգուցե ավելի։

Մենք պետք է մեր տեսահսկող սարքերը օգտագործենք, որպեսզի այս տեսակ խախտումները պատժվեն։ Մենք պետք է վերադառնանք քարշակների գործարկման թեմային, որովհետև այն էֆեկտը, որ այդ երկրորդ շարքում կայանած ավտոմեքենաները թողնում են ընդհանուր երթևեկության վրա, մենք հիմա հասկանում ենք, որ 20 մեքենան կարող է 200 հազար մեքենայի վրա էֆեկտ ունենա ու ահռելի ժամանակ մենք կորցնենք դրա վրա»,–ասաց Ավինյանը։