Սահմանադրական դատարանը հանդես չի եկել դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի մասին հայտարարությամբ։ Այս մասին ասվում է Սահմանադրական դատարանի կայքում։

Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «Երեկ՝ 2018թ. հունիսի 11-ին, զանգվածային լրատվության որոշ միջոցներում տեղ է գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ:

Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը նման հայտարարությամբ երբևիցե հանդես չի եկել, իսկ մամուլում տեղ գտած հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի հետ որևէ առնչություն չունեն»:

Նշենք, որ թյուրիմացությունն առաջացել է «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագրական անփութության պատճառով: Ժապավենում տեղ գտած լուրի թողարկման համար պատասխանատու խմբագիրն ազատվել է իր պարտականություններից: «Արմենպրես»  հայցել  է ընթերցողների և բաժանորդների ներողամտությունը: