Մոնտանա նահանգի Բերթութ լեռներում արված հնագիտական բացահայտումները կարող են արմատապես փոխել գիտնականների պատկերացումները Հյուսիսային Ամերիկայի առաջին բնակիչների մասին, գրում է Popular Mechanics-ը։
Ծովի մակերևույթից մոտ 2700 մետր բարձրության վրա հնագետները բազմաթիվ քարե գործիքներ են հայտնաբերել։ Ենթադրվում է, որ դրանք պատկանել են շուրջ 13 հազար տարի առաջ ապրած Կլովիս մշակույթի ներկայացուցիչներին։ Մինչդեռ, ըստ ընդունված տեսության, այդ ժամանակահատվածում այս տարածքն ամբողջովին պատված է եղել սառցադաշտերով։
Այս նոր գտածոները լրացնում են դեռևս 1968 թվականին ի հայտ եկած փաստերը՝ ստիպելով մասնագետներին վերանայել Ելոուսթոնյան ազգային պարկի շրջակայքի բնակեցման պատմությունը։
Բերթութ լեռների հնագիտական պեղումները ղեկավարող Սքոթ Դերսամի խոսքով՝ հայտնաբերված նստվածքային շերտերն ու արտեֆակտները դուրս են գալիս տարածաշրջանի հնագույն էկոհամակարգի մասին պատկերացումների շրջանակից։ Նա ընդգծում է, որ սառցադաշտերի տարածվածության վերաբերյալ նախկին տվյալների ֆոնին նման բարձրության վրա մարդկանց ներկայությունն ուղղակի անհնար էր համարվում։
Առաջին լուրջ կասկածները ծագել էին դեռևս 1968-ին, երբ շինարարները պատահաբար երեխայի ոսկորներ գտան Ելոուսթոնյան պարկից հյուսիս գտնվող Անզիկ հնավայրում։ Գտածոն ստացավ «Կլովիսի երեխա» անունը։
Հյուսիսային Ամերիկայում Կլովիս մշակույթին պատկանող ամենահին դամբարանը համարվող այս վայրում հայտնաբերվել էին երեխայի մնացորդներ, եղջյուրյա իր և շուրջ հարյուր քարե գործիք։ Տեխասի A&M և Օքսֆորդի համալսարանների, ինչպես նաև Stafford Research-ի մասնագետների համատեղ հետազոտությունը ցույց տվեց, որ թաղումն ու արտեֆակտները վերաբերում են միևնույն ժամանակահատվածին՝ մոտ 12 725-ից 12 900 տարի առաջ։
Կլովիսը համարվում է Հյուսիսային Ամերիկայում լայն տարածում գտած առաջին նախապատմական մշակույթներից մեկը։ Դրա ներկայացուցիչները հայտնի են հիմքի մասում հատուկ ակոսներ ունեցող քարե նիզակագլխիկներով, որոնք հայտնաբերվել են ԱՄՆ-ի տարբեր հատվածներում։ Համարվում է, որ նրանք հայտնվել են մայրցամաքում շուրջ 13 հազար տարի առաջ և որսացել են խոշոր կենդանիների, այդ թվում՝ մամոնտների։
Սակայն Բերթութի նոր բացահայտումները փաստում են, որ նրանց գործունեության տարածքը ձգվել է ընդհուպ մինչև այն գոտիները, որոնք նախկինում համարվում էին ապրելու համար բացարձակապես անպիտան։
Դերսամը նշում է, որ ուսումնասիրության համար վճռորոշ է եղել 1950–1970-ական թվականներին նախկին անտառապահի հավաքած քարե գործիքների հավաքածուն, որն ավելի ուշ փոխանցվել էր գիտնականներին։ Միայն ամբողջական հավաքածուն ուսումնասիրելուց հետո հետազոտողները հասկացան բարձրլեռնային գոտում հայտնաբերված արտեֆակտների իրական ծավալը։ Հնագետն այն որակել է որպես Հյուսիսային Ամերիկայի բարձրլեռնային կայաններից հայտնաբերված քարե գործիքների ամենախոշոր ու հարուստ հավաքածուն։
Նոր արտեֆակտներ ի հայտ եկան 2022 թվականին, երբ տեղատարափ անձրևներն ու առատ տեղումները ջրհեղեղներ առաջացրին՝ տեղաշարժելով լեռնային ապարների նստվածքային շերտերը։ Էրոզիայի արդյունքում հողի տակից մակերես դուրս եկան բազմաթիվ հնագիտական իրեր։
Այս կայանների տեղադրությունն առանցքային նշանակություն ունի։ Նախկին պատկերացումներով՝ Կլովիսի ժամանակաշրջանում այս բարձրադիր տարածքների մեծ մասը ծածկված է եղել Պինդեյլի սառցադաշտով։ Եթե նոր տվյալները վերջնականապես հաստատվեն, գիտնականները ստիպված կլինեն վերանայել սառցապատման սահմաններն ու այն բնակլիմայական պայմանները, որոնցում ապրել են նախնադարյան մարդիկ։
Հետազոտողները ենթադրում են, որ Մոնտանայի լեռնային շրջանները կարող էին ծառայել որպես որսատեղի։ Այնտեղ ապրող մամոնտներն ու բիզոնները սննդի հարուստ աղբյուր էին հին որսորդների համար։ Այնուամենայնիվ, գիտնականներին դեռևս անհրաժեշտ է պարզել գտածոների հստակ տարիքն ու հասկանալ, թե որքան ժամանակ են մարդիկ օգտվել այդ լեռնային կայաններից։




























