Շաբաթ օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի կենտրոնական փողոցներ՝ իրենց աջակցությունը պաղեստինցիներին հայտնելու և բրիտանական կառավարությունից Իսրայելին զենքի մատակարարումները դադարեցնելու պահանջով, հայտնել է The Guardian-ը։

Ակցիան անցկացվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման և Գազայի հատվածում դրան հաջորդած պատերազմի երրորդ տարելիցի նախօրեին։

Ցուցարարները կեսօրին մոտ հավաքվել են Թեմզայի ափին և շարժվել դեպի խորհրդարանի շենք։ Շատ մասնակիցներ կուֆիա էին կրում և պաղեստինյան դրոշներ էին տանում։ Պաստառների վրա գրված էին «Կանգնեցրեք ցեղասպանությունը» և «Ազատություն Պաղեստինին» կարգախոսները։ Երթի ընթացքում մասնակիցները նաև երկու րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։ Հրապարակված կադրերից դատելով՝ հավաքվածների մեջ եղել են նաև հարս ու փեսա։

Կազմակերպիչների տվյալներով՝ օրվա կեսին երթին մասնակցել է շուրջ 250 հազար մարդ։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է 20 ձերբակալության մասին։ Մասնավորապես, մի քանի մարդու ձերբակալել է գույքը վնասելու կասկածանքով այն բանից հետո, երբ նրանք բարձրացել էին Վիկտորիայի ափին գտնվող հանուն Բրիտանիայի ճակատամարտի հուշահամալիրի վրա։ Ոստիկանությունը նաև հայտնել է Palestine Action կազմակերպությանն աջակցող պաստառներով մասնակիցների ձերբակալությունների (այդ կազմակերպության գործունեությունը Մեծ Բրիտանիայում արգելված է), ինչպես նաև նացիստական ողջույնի և ոստիկանների վրա հարձակումների դեպքերի մասին։

Մեծ Բրիտանիայում Պաղեստինի դեսպան Հուսամ Զոմլոտը հրապարակել է տեսանյութ երթից և հայտարարել, որ պատերազմն սկսվելուց երեք տարի անց բրիտանացիների համերաշխությունը պաղեստինցիների հետ շարունակում է ամուր մնալ։

Ակցիան տեղի է ունեցել Գազայի հատվածին հասցվող իսրայելական շարունակվող հարվածների ֆոնին՝ չնայած մեկ տարի առաջ հայտարարված հրադադարին։ ՄԱԿ տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Գազայում զոհվածների թիվն աճել է ևս մոտ 1,4 հազարով։ Հորդանան գետի Արևմտյան ափին նույնպես հաճախացել են իսրայելցի վերաբնակների հարձակումները պաղեստինցիների վրա։ ՄԱԿ տվյալներով՝ 2025 թվականին այնտեղ իսրայելական ուժերի և վերաբնակների գործողությունների հետևանքով զոհվել է 230 պաղեստինցի։

Երթը դարձել է առաջին համազգային պաղեստինամետ ցույցն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է իսրայելական բնակավայրերի հետ առևտրի նկատմամբ լայնածավալ պատժամիջոցների մասին և նշել, որ բրիտանական կառավարությունը Արևմտյան ափի իսրայելական օկուպացիան համարում է անօրինական։ Նա նաև մեղադրել է վերաբնակներին, որոնք օգտվում են Բենիամին Նեթանյահուի կառավարության աջակցությունից, այդ տարածքում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։

Միաժամանակ, Լոնդոնում անցկացվել է Stop The Hate շարժման հակաակցիան։ Ոստիկանության տվյալներով՝ Սքոթլանդ Յարդի շենքի մոտ հավաքվել է մոտ 30 մարդ։

Իրավապահ մարմինները նախապես սահմանափակել էին երկու ակցիաների երթուղիներն ու անցկացման ժամանակը՝ հայտարարելով, որ այդ միջոցները նպատակ ունեն նվազեցնել հասարակական կարգի լուրջ խախտումների վտանգը։