Դիմացինի դեմքին բարկության արտահայտությունը նկատելու կարողությունը կարող է կախված լինել այն բանից, թե ինչպես է մարդը հաղթահարում սեփական զայրույթը։ Նման եզրահանգման են եկել Պորտուգալիայի Մինյուի համալսարանի հետազոտողները։ Ըստ ուսումնասիրության՝ այն մարդիկ, ովքեր սովոր են զսպել իրենց վրդովմունքը, ավելի ուշ են նկատում դիմացինի ջղայնացած դեմքը, եթե այն սկզբում թաքնված է լինում այլ տեսողական ազդակների հետևում։ Միևնույն ժամանակ, զայրույթը բացահայտ արտահայտելուն հակված մարդիկ ավելի ճշգրիտ են ճանաչում բարկացած դեմքի արտահայտությունները։

Լիլիանա Կապիտաոյի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունն անցկացվել է Մինյուի համալսարանի Հոգեբանական հետազոտությունների կենտրոնում։ Արդյունքները հրապարակվել են Cognition and Emotion ամսագրում՝ «Զայրույթը, որը տեսնում եք, և զայրույթը, որը չեք նկատում․ գիտակցումն ու էմոցիաների արտահայտման առանձնահատկությունները դեմքերի ճանաչման ժամանակ» հոդվածում։

Գիտնականներն ուսումնասիրել են, թե արդյոք զայրույթի կառավարման անհատական առանձնահատկությունները կապված են դիմացինի էմոցիաները ճշգրիտ ճանաչելու և հուզական ազդակների՝ գիտակցությանը հասանելի դառնալու արագության հետ։

Հետազոտությանը մասնակցել է 60 առողջ չափահաս։ Նրանք կատարել են երկու առաջադրանք, որոնք ուղղված էին հուզական ազդակների ընկալման ուսումնասիրությանը։ Առաջին փորձում մասնակիցներին ցույց են տվել տարբեր հույզեր արտահայտող դեմքեր և խնդրել որոշել, թե որ էմոցիան է դրանցում արտացոլված։ Երկրորդում հետազոտողները չափել են, թե որքան ժամանակ է պահանջվում մարդուց՝ սկզբնապես այլ տեսողական ազդակներով քողարկված դեմքի արտահայտությունը գիտակցելու համար։

Բացի այդ, գիտնականները գնահատել են մասնակիցների՝ սեփական զայրույթի արտահայտման ձևերը՝ դրանք բացահայտ ցուցադրելու կամ, ընդհակառակը, ճնշելու հակվածությունը։

Արդյունքները ցույց են տվել, որ էմոցիաների ճանաչման արագությունն ու ճշգրտությունը կախված են ընկալման պայմաններից։ Երբ մասնակիցները տեսնում էին դեմքերն առանց հավելյալ խոչընդոտների և պետք է որոշեին արտահայտված հույզը, բարկությունն ավելի ճշգրիտ էին ճանաչում, քան վախը։

Սակայն երկրորդ առաջադրանքում պատկերը փոխվել է։ Երբ դեմքի արտահայտությունները սկզբում քողարկված էին այլ տեսողական ազդակներով, վախեցած դեմքերը գիտակցված ընկալման մակարդակին հասնում էին ավելի արագ, քան բարկացածները։ Սա վկայում է այն մասին, որ էմոցիաները կարող են տարբեր կերպ մշակվել ուղեղի կողմից՝ կախված այն պայմաններից, որոնցում մարդը ստանում է տեսողական տեղեկատվությունը։

Հետազոտողները նաև կապ են հայտնաբերել սեփական զայրույթի կառավարման առանձնահատկությունների և դիմացինի էմոցիաների ճանաչման միջև։ Այն մասնակիցները, ովքեր հակված էին բարկությունն բացահայտ արտահայտելուն, ավելի ճշգրիտ էին նկատում ջղայնացած դեմքերը, քան վախեցածները։ Իսկ նրանց մոտ, ովքեր նախընտրում էին զսպել զայրույթը, այլ օրինաչափություն է նկատվել․ պատկերների սկզբնական քողարկման դեպքում նրանցից ավելի շատ ժամանակ է պահանջվել բարկացած դեմքի արտահայտությունը գիտակցելու համար, քան վախեցած կամ չեզոք դեմքերը։

«Մենք եկել ենք այն եզրահանգման, որ զայրույթի ազդակները միատեսակ չեն մշակվում», — նշել է Կապիտաոն։ Նրա խոսքով՝ այն, թե ինչպես է մարդը հաղթահարում սեփական զայրույթը, սերտորեն կապված է նրա հետ, թե ինչպես է նա ընկալում այդ էմոցիան ուրիշների մոտ։

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ հույզերի ընկալումը չի կարելի դիտարկել որպես անհատական առանձնահատկություններից անկախ, միասնական ու ունիվերսալ գործընթաց։ Միևնույն մարդը կարող է տարբեր կերպ արձագանքել հուզական ազդակներին՝ կախված արտահայտված էմոցիայի բնույթից և դրա ընկալման պայմաններից։

Այդուհանդերձ, ուսումնասիրությունն ընդգրկել է ընդամենը 60 մարդ և վեր է հանել միայն փոխկապակցվածություններ, այլ ոչ թե ապացուցել պատճառահետևանքային կապ։ Հետևաբար, արդյունքները թույլ չեն տալիս պնդել, թե զայրույթի զսպումն ինքնին դանդաղեցնում է բարկացած դեմքերի ճանաչումը բոլոր մարդկանց մոտ։ Այնուամենայնիվ, այս աշխատանքն օգնում է ավելի լավ հասկանալ, թե սեփական հույզերի կառավարման եղանակներն ինչպես են կապված դիմացինի հուզական ազդակների ընկալման հետ։