Ես իմ պրակտիկայում չեմ առնչվել մի վիճակի հետ, երբ վերեւից կամ որեւէ մարմնի կողմից փորձ արվի ազդեցություն ունենալ կամ ուղղորդել դատական պրակտիկան: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ՍԴ անդամի թեկնածության քննարկման ժամանակ նշեց ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը։
«Այդպես է եղել, երբ աշխատել եմ առաջին ատյանի դատարանում աշխատած տարիներին եւ գրեթե անհնարին է դա իրականացնել կոլեգալ մարմնում որոշում կայացնելու փուլում, քանի որ յուրաքանչյուր դատավոր իր անհամաձայնությունը կարող է հայտնել, եթե այդպիսի մտահոգություն ունի»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նաեւ հարցրեց, թե ինչպես է թեկնածուն գնահատում, որ քաղաքական դատավարություններում մարդկանց խափանման միջոց կալանքը փոխվում է. «Այսինքն ինչ-որ բան փոխվել է, որ հիմա ազատ են արձակվում, այսինքն ճնշումներ եղել են, որոնք հիմա չկան: Այդ ի՞նչը փոխվեց։ Որևէ դեպքում ձեր ամբողջ պրակտիկայում չի՞ եղել, որ վերևից ասեն՝ այս որոշումը այդպես պետք է լինի։ Այդ դեպքում հիմա այդ ի՞նչ պրոցեսներ են գնում։ Ես կխնդրեի, որ դուք անկեղծ լինեք, անկեղծ ասեք»:
Ի պատասխան Ելիզավետա Դանիելյանն արձագանքեց. «Ես չեմ պատկերացնում, որ անկեղծությունը անպայման այն պատասխանը հնչեցնելն է, որը մոդայիկ կլիներ։ Ես ասում եմ, որ իմ պրակտիկայում չեմ հանդիպել նման դեպք: Ինչ վերաբերում է դատավարություններին, որտեղ խափանման միջոցներ են փոխվում, ապա դրանք նորմալ պրոցեսներ են, նախատեսված են դատավարական օրենսդրությամբ: Ոչինչ օրենքից դուրս բան տեղի չի ունենում: Այլ բան է, որ միգուցե վերլուծենք, թե ինչ պայմաններում էր, որ եթե դատարանները չէին կարողանում իրականացնել դատավարությունները տարբեր խոչընդոտների պատճառով, հիմա կարծես հանդարտվել է իրավիճակը եւ շատ ուրախալի է, որ մարդիկ հայտնվում են ազատության մեջ: Կրքերը հանդարտվել են, դատարաններն սկսել են աշխատել»:
Հատկանշական է, որ մասնավորապես «Սասնա ծռերի» գործերով երբ ամբաստանյալների խափանման միջոցները փոխվում էին, դատախազները նշում էին, որ դա կապված է նաեւ երկրում իրավիճակի փոփոխության հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ելիզավետ Դանիելյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Նա թեկնածու է առաջադրվել, քանի որ ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները դադարում են օրենքի ուժով:





























