Ինչու պիտի Գագիկ Ծառուկյանն ինչ-որ մեկին հաշվետվություն տա իր կատարած բարեգործության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն՝ անդրադառնալով «Բարեգործության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին:

«Մինչեւ էսօր, որ արվել է, կարո՞ղ է ճիշտ չի արվել, սխալ է արվել... Եթե դա միայն նախընտրական շրջանում լինի, կարող է քաղաքականության հետ կապ ունի, բայց եթե անընդհատ արվում է, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը»,-ասաց Վարդեւան Գրիգորյանը: 

Հարցին՝ եթե այս օրենքն ընդունվի մինչեւ արտահերթ ընտրություններ, մտավախություն ունե՞ն, որ չեն ստանա այնքան քվե, որքան նախկինում, Գրիգորյանը պատասխանեց. «Մենք ձայների խնդիր երբեք չենք ունենա: Իհարկե, չգիտեմ բարեգործությունն ինչ ազդեցություն է ունենում մեր ձայների վրա, բայց կա նաեւ կուսակցության հեղինակության եւ անձերի հեղինակության հարց»:

Նշենք, որ «Բարեգործության մասին» օրենքի փոփոխությունների օրինագիծը Ազգային ժողովում կքննարկվի հաջորդ շաբաթ: Այն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները համարում են Գագիկ Ծառուկյանին հայտարարված պատերազմ, որը նախաձեռնել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ շարունակում է ներկայիս կառավարությունը: 

ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կոշտ քննադատեցին նախագիծը: Նաիրա Զոհրաբյանը հարցադրումներ հնչեցրեց, թե այդ ով պետք է որոշի՝ ինչն է բարեգործություն, թե ոչ եւ ինչ նպատակահարմարությամբ: