Ռեյտինգային ընտրակարգից պետք է ամբողջությամբ հրաժարվենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:
«Ռեյտինգային ընտրակարգը չի նպաստում ընտրություններում քաղաքական բաղադրիչի գերակայությանը եւ չնայած առանձին մասնագետներ եւ միջազգային կառույցներ պնդում են են, որ ռեյտինգային ընտրակարգը համամասնական ընտրակարգի տեսակ է, բայց ես համամիտ չեմ»,-նշել է Գեւորգ Պետրոսյանը:
Վերջինիս խոսքով, այս առումով հակասություն կա Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի միջեւ: «Սահմանադրությունը հստակ նշում է, որ ընտրությունները անցկացվում են համամասնական ընտրակարգով, չի նշում, որ այդ ընտրակարգի առանձին դրսեւրումներով: Այդ համակարգը ընտրություններում չի նպաստում քաղաքական բաղադրիչի գերակայությանը, եւ գտնում ենք, որ դա ավելորդ է: Մենք առաջարկում ենք հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից ամբողջությամբ»,-ասել է պատգամավորը:
Նշենք, որ առաջիկայում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով կձեւավորվի հանձնաժողով, որտեղ ԱԺ բոլոր խմբակցություններից ներկյաացուցիչներ կընդգրկվեն, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությունից: Ընտրական օրենսգրքի գլխավոր հարցը ռեյտինգային ընտրակարգը՝ տարածքային բաց ցուցակները վերացնելն է: ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե այն ոչ թե վերացնելու, այլեւ ընդլայնելու կարիք ունի, մինչդեռ ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» խմբակցությունները ամբողջական համամասնական ընտրակարգի կողմնակից են:





























