ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 գագաթաժողովի մյուս մասնակիցների հետ իրեն պահել է կոպիտ ու կոշտ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին մի քանի անգամ անվանել է «դաժան մարդասպան», իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ բոլոր ահաբեկիչները կենտրոնացած են Փարիզում, հայտնում է The Wall Street Journal-ը։

Թերթը վկայակոչում է եվրոպացի դիվանագետներին, որոնք ներկա են գտնվել Կանադայում Յոթյակի խմբի առաջնորդների զրույցներին։ Նրանց տվյալներով, հանդիպման մնացած մասնակիցները չեն կարողացել Թրամփին համոզել փոխել դիրքորոշումները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ապրանքների ներկրման սակագները, ներգաղթը, ահաբեկչության դեմ պայքարը, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ այլն։

«Տրամադրվածությունը իրոք վատացել է G7-ից հետո»,- մեջբերում է պարբերականը ԵՄ պաշտոնատար անձի խոսքը։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ նախագահը մի քանի անգամ բոլորի ներկայությամբ ԵՀ ղեկավարին անվանել է «դաժան մարդասպան»՝  նրան քննադատելով տուգանքների համար, որոնք Բրյուսելը սահմանել է ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների դեմ։

Թրամփի դժգոհությունն էր առաջացրել նաեւ այն հանգամանքը, որ ահնար է առեւտրի մասին ուղիղ բանակցություններ վարել Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ ՝ շրջանցելով ԵՀ-ն։

Մեկ այլ բանավեճի ժամանակ, որը նվիրված էր իրանական գործարքին ու ահաբեկչության դեմ պայքարին, ԱՄՆ նախագահը Մակրոնին ասել էր , որ վերջինը լավատեղյակ է իրավիճակին, քանի որ «բոլոր ահաբեկիչները Փարիզում են գտնվում»։

Պարբերականը գրում է, որ Թրամփը միանգամայն կոպիտ է վարվել վարչապետ Սինձո Աբեի հետ, խոսելով Եվրոպայում ներգաղթի խնդիրների մասին։  «Սինձո, քեզ այդ խնդիրները չեն սպառնում, բայց ես կարող եմ քեզ 25 մլն մեքսիկացիներ ուղարկել ու դու շատ արագ կլքես պաշտոնդ»,- ասել է Թրամփը, հաղորդում է աղբյուրը։