Երեւանի Բագրատունյաց պողոտայում հունիսի 9-ին կատարված կողոպուտը բացահայտվել է:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մի կին հաղորդում էր տվել, որ հունիսի 9-ին ժամը 21:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում գործող հանրախանութի մոտ անծանոթ տղամարդը պարանոցից պոկել է ոսկյա շղթան` կախազարդով, եւ փախել` պատճառելով մոտ 320.000 դրամի գույքային վնաս:

Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երեւանի Մարգարյան փողոցի բնակիչ Ռոման Մելքոնյանը: Հունիսի 15-ին Մելքոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: