Կայացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «դեմ առ դեմ» ձեւաչափով հանդիպումը։

Կիեւում ողջունելով Թուրքիայի վարչապետին՝ Ուկրաինայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Էրդողանի երկար սպասված այցն Ուկրաինա երկու երկրների ռազմավարական համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում, հայտնում է «ՈՒԿՐԻՆՖՈՐՄ»-ը։   

Յանուկովիչը վստահություն  է հայտնել, որ երկու երկրների ռազմավարական հարաբերությունների ակտիվ զարգացմանը նպաստում է քաղաքական կայունությունը, որ առկա է Ուկրաինայում եւ Թուրքիայում։

Թուրքիայի վարչապետն ասել է, որ բարձր մակարդակով Ռազմավարական խորհրդի ստեղծման մասին հռչակագրի նախատեսված ստորագրումը երկու երկրների միջեւ կապերի զարգացման եւ ամրապնդման խթան կդառնա։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ այսօրվա ուկրաինաթուրքական բանակցությունները կտարբերվեն իրենց բովանդակությամբ։