Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքը, որի արդյունքում դանակի հարված էր ստացել 21-ամյա մի տեղացի, քննելու են «մի խումբ անձանց կողմից կանխամտածված խուլիգանության» հոդվածով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տեղական ոստիկանությունից:
Զանգվածային ծեծկռտուքը տեղի էր ունեցել հունվարի 23-ի երեկոյան Պետերբուրգի հարավում: Այն կանխելու համար ոստիկանները ստիպված են եղել օդ կրակել: Ձերբակալվել էր մոտ 20 մարդ, որոնցից 8-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Ադրբեջանցիների մոտից գազային ատրճանակներ եւ բեյսբոլի մահակներ էին առգրավել:
«Ֆոնտանկա.ru»-ի տվյալներով, կռվին մասնակցել են ֆուտբոլային երկրպագուներ, որոնք վերադառնում էին Համագործակցության գավաթի եզրափակչից, որտեղ հաղթանակ էր տարել Բաքվի «Ինտերը»:
Ըստ գործակալության, կռիվն սկսվել է, երբ ադրբեջանցիներից մեկն առանց պատճառի դանակահարել է «Զենիթի» երկրպագուին: Իրավապահները չեն բացառել, որ ծեծկռտուքի նախաձեռնողները ֆուտբոլային երկրպագուներն են:


























