ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենին Վաշինգթոնում մեքսիկական ռեստորանում դիմավորել են «Ամոթ» բղավոցներով, որից հետո նա ստիպված էր հաստատությունը լքել: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով ականատեսների տեսանյութը:
Մի խումբ ակտիվիստներ եկել են ռեստորան, որտեղ գտնվում էր Նիլսենը, եւ սկսել են նրա դեմ ուղղված արտահայտություններ բղավել, այդ թվում՝ անպարկեշտ բովանդակությամբ: Ցուցարարներից մեկը միացրել է ծնողներից բաժանված միգրանտների լացող երեխաների տեսանյութը:
Դրանից հետո նախարարը ռեստորանից դուրս է եկել եւ թիկնապահների ուղեկցությամբ ավտոմեքենան նստել: Նիլսենի ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչության ղեկավարը «ընթրելիս հանդիպել է մի խումբ մտահոգ քաղաքացիների հետ»:
Ավելի վաղ ԱՄՆ-ում սկանդալ էր բռնկվել ապօրինի միգրանտների երեխաներին ու նրանց ծնողներին միմյանցից բաժանող ամերիկյան իշխանությունների որոշման պատաճառով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դա պատճառաբանել է «երկրի անվտանգության» ապահովման անհրաժեշտությամբ:





























