ԱՄՆ-ում մասնավոր բանտեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի արժեքը ավելացել է ապօրինի միգրանտների ընտանիքներին ազատազրկման վայրերում տեղավորելու՝ իշխանությունների ծրագրերի ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը հայտնում է, որ բաժնետոմսերի գների վրա կարող էր ազդեցություն թողնել ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության ներգաղթի ու մաքսային հսկողության բաժնի հաղորդագրությունը, որը նախօրեին էր հրապարակվել։ Այդտեղ գերատեսչությունը ծառայությունների պոտենցիալ մատակարարներից տեղեկություններ էր պահանջում ձերբակալվածների պահման համար 15 հազար տեղեր տրամադրելու հնարավորության մասին։
«Մենք համարում ենք, որ ԱՄՆ ներգաղթի ու մաքսային ծառայությունների կողմից ձերբակալվածների թվի աճն ավելացնում է բիզնեսի եկամուտների աճի հավանականությունը»,- MarketWatch պորտալը մեջբերում է SunTrust Robinson ընկերության վերլուծաբանների գնահատականը։ Վերլուծաբանների եզրակացության մեջ ասվում է, որ նոր բանտարկյալների տեղավորման շտապ պահանջարկը կարող է լուծել պետգնումների պրոցեսում դաշնային կառավարության հետ բիզնեսի երկարաժամկետ բանակցությունների խնդիրը։ «Ակնկալվում է, որ հազարավոր մեծահասակների ու երեխաների ձերբակալությունները նպաստելու են մասնավոր բանտերի օպերատորների բիզնեսին»,- ստեղծված բարդ իրավիճակն է փաստում պորտալը։
Reuters-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ներգաղթային քաղաքականության խստացման մասին հայտարարությունների ֆոնին սկսվել է մասնավոր բանտեր կառավարող CoreCivic Inc ու Geo Group ընկերությունների բաժնետոմսերի արժեքների կտրուկ աճ։ Եվ այսպես, CoreCivic-ի բաժնետոմսերը չորս օրում աճել են 11․2 տոկոսով։





























