Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը հաստատում է մամուլի տեղեկությունն այն մասին, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԱԽ քարտուղարի օգնական Էդուարդ Մելքոնյանի եւ Գումի շուկայի անվտանգության աշխատակիցների միջեւ։ ԱԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ Գայանե Գասպարյանը NEWS.am-ին հայտնեց, որ «դա պայմանավորված չի եղել իբր` Մելքոնյանին պատկանող տաքսի ծառայության մեքենաների կայանման հետ, որովհետեւ նա տաքսի ծառայություն չունի»:
«Իրականում Գումի շուկայի անվտանգության աշխատակցին դուր չի եկել, որ Էդուարդ Մելքոնյանը Արհեստավորների փողոցով անցնելիս իր ավտոմեքենայից ձայնային ազդանշան է հնչեցրել երրորդ անձի, որի պատճառով նա հայհոյել է Մելքոնյանին, եւ նրանց միջեւ վեճ է ծագել: Վեճի արդյունքում անվտանգության աշխատակիցը հարվածներ է հասցրել է Մելքոնյանին: Վերջինս առաջին բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է հիվանդանոց, նրան նաեւ տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր»,-ասված է NEWS.am-ին ԱԱԽ մամուլի խոսնակի կողմից ուղարկված պարզաբանման մեջ։
Դրանում սակայն, նշված չէ, թե արդյոք վերոնշյալ միջադեպի հետ առնչություն ունեցե՞լ է Երեանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Ըստ մամուլի հրապարակման, Գումի շուկայի մոտ Գագիկ Բեգլարյանի մարդիկ «ռազբորկա» են ունեցել Մելքոնյանի հետ, սկսվել է ծեծուջարդ, վերջում «վրա է հասել» Բեգլարյանը, որպեսզի բաժանի կռվողներին։ Սակայն կռիվը հանդարտեցնելու համար «մի երկու մուշտի է հասցրել» Մելքոնյանին։




























