Լուրը, թե երեկ երեկոյան Գյումրիից «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոց տեղափոխված մեկամյա Մարինա Պողոսյանի մոտ բոտուլիզմ է հայտնաբերվել, իրականությանը չի համապատասխանում. աղջնակի մոտ պարզապես թոքաբորբ է զարգանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց նույն  հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Գոհար Սամսոնովնան (նա իր ազգանունը չցանկացավ նշել)։  

Բժշկուհու խոսքով, բոտուլիզմի կասկած առայժմ չկա։ «Երեխայի մոտ, պարզապես, թոքաբորբ է հայտնաբերվել։ Նա այժմ մեր հսկողության տակ է։ Ինչ վերաբերում է նրա ծնողներին, ապա աղջկա հոր մոտ բոտուլիզմ, իրոք, կա»,- նշեց բժշկուհին։

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի (որտեղ եւ երեկ երեկոյան տեղափոխվել են մեկամյա երեխայի ծնողները) հերթապահ մասից մեզ փոխանցեցին, որ Պողոսյան ամուսինների վիճակը կայուն է գնահատվում։ «Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք այժմ տեղափոխվել են նյարդաբանական բաժանմունք»,- տեղեկացրեց հերթապահ բժիշկը։ Նա նաեւ ասաց, որ ամուսինների՝ բոտուլիզմով հիվանդանոց տեղափոխվելու պատճառ է դարձել պահածոյացված պղպեղը։

Նշենք, որ Պողոսյանների ընտանիքի անդամները Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից սննդային թունավորումով Երեւանի վերոնշյալ բուժհաստատություններ էին տեղափոխվել դեռ երեկ՝ հունվարի 25-ին։