Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ գիրք գրած թուրքական Bugün թերթի լրագրող Ադեմ Յավուզ Արսլանը սպառնալիքներից բացի ստացել է մի փաթեթ, որի մեջ եղել է «Կալաշնիկով»-ի 4 փամփուշտ եւ մի սպիտակ բրդե գլխարկ, որից Դինքի սպանության ժամանակ կրել էր մարդասպան Օգյուն Սամասթը:
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Յավուզ Արսլանը փոստով մեծ թվով սպառնալիքներ է սկսել ստանալ, երբ 10 օր առաջ վաճառքի է հանել իր ուսումնասիրությունների արդյունք հանդիսացած «Մի հայ կար. Հրանտ Դինքի գործողության ծածկագրերը» գիրքը։ Իսկ հրազենի փամփուշտներն ու սպիտակ գլխարկը նա ստացել է հունվարի 26-ի երեկոյան։ Ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցներն արդեն զբաղվում են ստացվածի ուսումնասիրությամբ։
Թուրք լրագրողը նշել է, թե սպառնալիքները ցույց են տալիս, որ իր գիրքը Դինքի սպանության բացահայտման գործում ճիշտ թիրախներն է մատնանշել։ «Աստծո տված կյանքը կարող է միայն Աստված վերցնել։ Եթե Դինքին պաշտպանել չկարողացած պետությունը ինձ էլ չկարողանա պաշտպանել, ասելու ոչինչ չկա»,-շեշտել է Ադեմ Յավուզ Արսլանը։





























