Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին տեղի ուենցած ահաբեկչության գործով առաջին կասկածյալն է հայտնվել: Դա Ստավրոպոլի մարզի բնակիչ, «Նողայյան ջամաաթ» ահաբեկչական շարժման ենթադրյալ անդամ, ոմն Ռազդոբուդկոն է, գրում է  «Կոմերսանտ» թերթը:

Իրավապահները չեն բացառում, որ հենց Ռազդոբուդկոն կարող է լինել ահաբեկչության կազմակերպիչը կամ իրականացնողը: Հարկ է նշել, որ մեռած ահաբեկիչն ավելի նման էր սլավոնի, քան՝ կովկասցու: Քննության տվյալներով, Ռազդոբուդկոն արդեն փորձել է ահաբեկչություն իրականացնել Մոսկվայում: Ավելի վաղ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Հետախուզվողի ազգականների խոսքով, նա անհետացել էր հոկտեմբերին, իսկ հարազատները դիմել էին ոստիկանությանը՝ կարծելով, որ նրան կարող էին առեւանգել եւ սպանել գրոհայինները, որոնց հետ Ռազդոբուդկոն ուզում էր խզել կապերը:

Միեւնույն ժամանակ քննիչները չեն շտապում եզրակացություններ անել: Մահապարտի մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Գտել են միայն պայթյունից պոկված գլուխն ու ձեռքը: Ինքնությունը հաստատելու համար պետք է ԴՆԹ-թեսթ անել: