Թաիլանդի քարանձավում հայտնաբերված դեռահասները եւ նրանց ֆուտբոլային մարզիչը անձրեւների շրջանի պատճառով ստիպված կլինեն քարանձավում մի քանի ամիս անցկացնել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով բանակի ներկայացուցիչներին:
Անհետ կորած ֆուտբոլային թիմի որոնումները շարունակվում էին 9 օր: Երկուշաբթի դեռահասներին հայտնաբերեցին սուզորդներ Ջոն Վոլանտենը եւ Ռիկ Ստանտոնը:
Բոլոր 13 մարդիկ ողջ են եւ համարյա չեն տուժել, թեեւ բավական հյուծված են, քանի որ 9 օր առանց սնունդի եւ մթության մեջ են անցկացրել: Ջրի մակարդակի բարձրացման պատճառով դեռ չի հաջողվել նրանց սնունդ մատակարարել: Հնարավոր է դեռ մի քանի ամիս երեխաներին անհրաժեշտ կլինի սնունդով ապահովել, քանի որ նրանք դեռ չեն կարող դուրս գալ քարանձավից: Այժմ նրանց փորձում են էլեկտրականությամբ եւ կապով ապահովել, որպեսզի կարողանան ծնողների հետ կապ հաստատել, ասել է նահանգապետը:





























