Եթե Հայաստանում տեղի չունենան իրական, արմատական փոփոխություններ, ապա տեղի է ունենալու կա՜մ անկառավարելի հեղափոխություն, կա՜մ զանգվածային արտագաղթ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ հայ հասարակությունը պայքարող հասարակություն է եւ 1996 թվականից սկսած անընդհատ կանգնել է եւ փորձել պաշտպանել իր իրավունքները։
«Եթե ընդդիմությունը կամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն կարողացել իրացնել հասարակական դժգոհությունը, դա հասարակության մեղքը չէ»,-հայտարարեց Մարտիրոսյանը»։ Ուստի, ըստ նրա չպետք է մեղադրել այն մարդկանց, ովքեր պայքարել եւ արդյունքի չեն հասել, իսկ այժմ էլ նույնատիպ քայլեր են ձեռնարկում։
«Հասարակությանը մի հարցում պետք է կողոմնորոշել, որ ամեն անգամ գետը գերան չի բերում, եւ ամեն անգամ պապը գաթա չի ուտում, եւ իրավիճակը ամեն պարագայում փոխվում է։ Եւ եթե երեկ չի ստացվել, դա դեռ չի նշանակում, որ վաղը նույնպես չի ստացվելու»,-հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ արդյունքի հասնելու համար մի քիչ ժամանակ ու նպատակամղված պայքար է անհրաժեշտ։





























