Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը ներկայիս պայմաններում ուղղակի բացառվում է. Հայաստանն ինչպե՞ս կարող է վստահ լինել, որ ադրբեջանական սպառազինությունը մի օր չի ջարդվելու իր գլխին։ Հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հռետորական հարց հնչեցրեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

«Այն, որ Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, հիմք է տալիս կարծելու, որ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է։ Այնպես, որ Հայաստանը պետք է կարգի գա, լավ բանակ ունենալու համար անի ամեն բան»,- նկատեց հրամանատարը։ Նրա խոսքով, չնայած ղարաբաղյան պատերազմի տարիներին կազմավորված բանակ, որպես այդպիսին, չկար եւ մարտի դաշտում կռվում էին ֆիդայիները, սակայն դա չխանգարեց, որ տարածքների 99 տոկոսն ազատագրեն հենց նրանք, եւ ոչ՝ կադրային սպաները:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Հայաստանի՝ պրոֆեսիոնալ բանակ ունենալու գաղափարին, Եղիազարյանը նկատեց. «Ի՞նչ պրոֆեսիոնալ բանակի մասին կարող է խոսք լինել այն պարագայում, երբ ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները 20-30 հազար դրամ թոշակ են ստանում»։

Ամփոփելով՝ «Արաբո» ջոկատի հրամանատարն անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին։ «Համանախագահներն ի՞նչ են անում որ։ Ուղղակի բանակցային  գործընթացը պահում են մինչեւ այն ժամանակ, մինչեւ կա՜մ Հայաստանը տա Ղարաբաղը կա՜մ Ադրբեջանը հետ կանգնի իր պահանջից»,- եզրափակեց նա։