Ճապոնիայի կայսր Ակիհիտոն եռօրյա բուժումից հետո սկսել է իր պաշտոնական պարտականությունների կատարումը, հայտնում է AFP-ն:

84-ամյա կայսրը ստիպված էր պաշտոնական միջոցառումները չեղարկել գլխապտույտի եւ սրտխառնոցի պատճառով, որոնք առաջացել էին ուղեղային անեմիաի հետեւանքով: Պալատի մամուլի քարտուղարը հայտնել է, որ միապետը «կատարում է իր ծառայողական պարտականությունները»՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:

Հիշեցնենք, որ Ակիհիտոն վիրահատվել է շագանակագեղձի քաղցկեղի եւ սրտի խնդիրների հետ կապված: Ճապոնիայում ակնդետ հետեւում են նրա առոջական վիճակին:

2016-ին կայսրը հայտարարել էր հրաժարական տալու իր ցանկության մասին՝ վկայակոչելով տարիքն ու առողջական խնդիրները:

Վերջին 200 տարում Ակիհիտոն կդառնա առաջին կայսրը, որը թոշակի կգնա՝ 2019-ի ապրիլի 30-ին: