Վերին Լարսում մեքենաների կուտակումներ են: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

Նրա խոսքով,  ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը, եթե մեքենան հայտնվել է հերթի վերջում,  5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը՝ մոտ 1.5 ժամ:

«Ժողովուրդ ջան, եթե ունեք ծանոթ բարեկամներ, որոնք պատրաստվում են ցամաքային ճանապարհով՝ Լարսով, ժամանել Հայաստան, ապա զգուշացրեք հերթի գոյության մասին»,-գրել է Փամփբուխչյանը՝  հավելելով, որ հերթը պայմանավորված է տուրիստական սեզոնի հետ, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում են Բաթումի հանգստանալու:

Փոխնախարարը հորդորում է քաղաքացիներին խնդիրների դեպքում կամ մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում գործող  թեժ գիծ՝ (010) 59-01-04»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շուրջ 10 օր է, որ հազարավոր հայկական համարանիշներով բեռնատարներ են կուտակված, որոնց մի մասը բեռնված է գյուղմթերքով:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը NEWS.am-ին հայտնել է, որ Լարսում հայկական բեռնատարների կուտակումը կապված է վրացական անցակետում ներդված նոր համակարգի հետ, որը ենթադրում է հերթի ամրագրում:

Իսկ ահա նույն Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Լարսում կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով, սահմանային անցակետի թողունակությամբ:

Բեռնատարների հայ վարորդները բողոքում են, որ տանջված ու անքուն գերի են ընկել. «Էստեղ գերի ենք ընկել, ոչ թողնում են գնանք առաջ, ոչ էլ՝ գնանք տուն: Մարդիկ գալիս առանց հերթի գնում են, հերթին չեն հետեւում: Սարի տակից հերթ ենք պահում, հասնում ենք էստեղ, դառնում է առանց հերթ։ Վրացական մեքենաներն առանց հերթի անցնում են»։

Հատկանշական է, որ հայ վարորդներին անցակետում ասել են, որ մեղավորը Հայաստանի կառավարությունն է, որ նման կարգ է սահմանել, սակայն իրենք չգիտեն, թե ինչ կարգի մասին է խոսքը: