Դպրոցական ֆուտբոլային թիմի մասնակիցները, որոնք Թաիլանդի քարանձավներից մեկում մարզիչի հետ թակարդի մեջ են հայտնվել, կարող են քայլել, սակայն նրանց ուժերը չեն բավարարի ջրի տակով լողալու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով BBC-ին եւ նահանգապետ Նարոնգսակա Օսատանակորնային:

Արդյոք գիշերը, եթե անձրեւ սկսվի,  երեխաներին տարհանելու փորձ կատարվելու է հարցին պատասխանելով, նահանգապետը նշել է, որ տղաներն այդ ժամանակ չեն կարողանա ջրի տակով լողալ: Նահանգապետի խոսքով, տղաների մոտ ամեն ինչ կարգին է, նրանք քարանձավում կարողանում են նորմալ շնչել:

Ինչպես հաղորդվել էր, անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների պատճառով քարանձավում արգելափակվել էին ֆուտբոլային թիմից 11-ից 16 տարեկան 12 երեխաներ եւ նրանց մարզիչը: Նրանց հայտնաբերել էին 10 օր անց քարանձավի մուտքից մոտ 5 կմ հեռավորության վրա: