ԵԽԽՎ-ում այսօր՝ հունվարի 27-ին հայտարարվել է «ԼՂՀ-ում ժողովրդավարական պետության կառուցման» անունը կրող գրավոր հռչակագիրը շրջանառության մեջ դնելու մասին, որի տակ ստորագրել են եվրոպացի 30 պատվիրակներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով այդ փաստաթղթի նախաձեռնողն է:
Նրա խոսքով, այդ հռչակագիրը բաց է ԵԽԽՎ բոլոր անդամների համար: «Այս հռչակագրով մենք հայտարարում ենք, որ ԼՂՀ-ն պատրաստ է միջազգային ճանաչման եւ պետք է ճանաչվի»,- նշեց Փոստանջյանն ու հավելեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության իշխող կոալիցիայի անդամները նույնպես ստորագրել են հռչակագրի տակ: Որպեսզի փաստաթուղթը դրվի շրջանառության մեջ, անհրաժեշտ է 20 ստորգարությոն, սակայն հավաքվել է 30-ը:
«Մենք այս հռչակագրով մենք սկիզբ դրեցինք նոր գործընթացի՝ մերկացնել Ադրբեջանի ապատեղեկատվությունը, իբր, «գրավյալ տարածքների» մասին»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԽԽՎ-ի պատվիրակները հունվարի 27-ին հանդես են եկել գրավոր հռչակագրով, որի անվանումն է. «Լեռնային Ղարաբաղի Ժողովրդավարական պետության կառուցում»:
Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանը իրեն հռչակել է 1918-20 թթ գոյություն ունեցած Ադրբեջանի ժողովրդավարական պետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել այդ պետության մասը։ Միայն քեմալականների եւ բոլշեւիկների միջեւ տեղի ունեցած «գործարքի» արդյունքում է, որ Արցախը դարձել է Սովետական Ադրբեջանի մաս:




























