ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցի շրջանակում Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են խոշտանգումների կանխարգելման, Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտներում Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքը:

Քննարկվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի դերն ընտրական գործընթացում եւ ընտրական իրավունքի պաշտպանության հարցում: Պաշտպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին է ներկայացրել նաեւ աշխատանքի նոր սկզբունքներն ու մեթոդներն իրավական ակտերի կատարելագործման եւ մարդու իրավունքների կրթության ոլորտում:

Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը նշել է, որ տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով ու պրոֆեսիոնալիզմով: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելի խորացնել համագործակցությունը մարդու իրավունքներին առնչվող հարցերում: