Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հունվարի 29-ին հայտարարել է կառավարության պաշտոնանկության մասին՝ երկրում 4-օր շարունակվող անկարգություններից եւ բողոքի գործողություններից հետո:
«Ես պահանջել եմ այսօր, որ կառավարությունը հրաարական տա: Վաղը ես նոր կառավարություն եմ նշանակելու»,- ասել է Եգիպտոսի նախագահը ազգին հղած հեռուստաուղերձի մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Իր ելույթում Եգիպտոսի առաջնորդն ընդգծել է, որ աջակցում է ժողովրդի ազատ կամարտահայտմանը, ցույցերի իրավունքին, սակայն նշել է, որ որոշ դեպքերում «ցուցարարները անցել են թույլատրելիի սահմանները»:
Նա հայտարարել է, թե չի կարելի կառուցել երանելի ապագան բռնությունների եւ անարխիայի միջոցով: Նա նաեւ ազդարարել է, որ մոտ ապագայում երկրի ժողովրդավարացման նոր քայլեր են կատարվելու:
Եգիպտոսում հունվարի 25-ին սկսվել են ցույցերը՝ տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների, նաեւ 82-ամյա նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկության պահանջով:




























