ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ նրա համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարվում: Վերջին 3 տարիներին ընդունվել են հայտարարություններ, հռչակագրեր, որոշումներ, որոնք համահունչ են Հայաստանի դիրքորոշման հետ: Russia Today-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Խոսքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք սկզբունքների եւ վեց հիմնական տարրերի մասին է: Բանակցություններն այժմ ընթանում են Մադրիդյան սկզբունքների առաջարկությունների հիման վրա, որոնք կողմերին ներկայացվել էին դեռ 2007 թվականի նոյեմբերին: Ղարաբաղյան կարգավորման վեց հիմնական տարրեր վերցվել են մադրիդյան սկզբունքներից: Դրանց մասին խոսվում է նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի հայտարարությունների մեջ, որոնք ընդունվել են Լ`Աքվիլայում եւ Մուսկոկում` Մեծ Ութնյակի գագաթաժողովների ժամանակ»,- նշել է նախարարը:
Պատասխանելով հարցին, թե ինչ է ասում միջազգային հանրությունը, ինչ են ասում միջնորդները, ինչ են ասում Հայաստանը եւ Ադրբեջանը, Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը` միջնորդների միջոցով, ասում է, որ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների եւ վեց տարրերի հիման վրա:
«Ի՞նչ սկզբունքներ: Դա ուժի չկիրառումն է, ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը: Չգիտեմ` որքան ժամանակ ունենք, որպեսզի հնարավոր լինի մանրամասնորեն ներկայացնենք այդ տարրերը: Միջազգային հանրությունն ասում է, որ բանակցությունները պետք է ընթանան այս հիմքի վրա, որպեսզի հնարավոր լինի հասնել կարգավորման: Եւ ընդգծվում է, որ այս սկզբունքները մեկ ամբողջություն են, եւ չի կարելի մի սկզբունքը կամ տարրը տարանջատել մյուսից եւ գերապատվությունը տալ դրանցից մեկնումեկին»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքով, Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է այս սկզբունքներիի եւ տարրերի հիման վրա գնալ դեպի խնդրի կարգավորում: Հայաստանը բացարձակապես կիսում է միջազգային հանրության մոտեցումը, որ սկզբունքները մշակված են որպես մեկ ամբողջություն, որ դրանք չի կարելի տարանջատել:
«Ադրբեջանն ասում է, որ ընդունում է երեք սկզբունքներից մեկը, իսկ վեց տարրերի մասին ասվում են, որ դրանք պատրաստ է քննարկել վեցից մեկի իրականություն դառնալուց հետո: Աստանայում` ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը Մինսկի խմբի անունից հայտարարեց, որ այդ սկզբունքները եւ տարրերը մշակվել են իբրեւ մեկ ամբողջություն, որ դա փաթեթ է, եւ կարգավորման պետք է գնալ դրա հիման վրա»,- ընդգծել է նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի կողմից առաջարկված այդ 6 տարրերում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ազատ կամարտահայտման ճանապարհով պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ինչն էլ միջազգային իրավական ուժ կունենա:
«Իսկ մինչ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ: Եւ սա հիմնական տարրերից մեկն է, որն առաջարկվել է Մինսկի խմբի համանախագահների կողմից` իբրեւ կարգավորման հիմք»,- նկատել է նախարարը:





























