Ըստ որոշ տեղեկություններ, անհատ վաճառականների կողմից Թուրքիայից ներկրվող ապրանքների մաքսազերծման հետ կապված խնդիրները հարուցվել են կառավարության գիտությամբ եւ հորդորով, պետբյուջեի մուտքերը լրացնելու համար։ Խնդիրն այն է, որ ներմուծվող ապրանքների մաքսազերծումից ստացվող բյուջետային մուտքերը անցած տարի կանխատեսվածից խիստ ցածր են եղել։ Դրանց ավելացնելու համար կառավարական օղակներում որոշում է կայացվել առանց մաքսազերծման պաշտոնական չափը փոփոխելու մեծացնել մուտքերը։

Պետք է ստացվի այնպես, որ անհատ վաճառականների ապրանքները Հայաստան հասցնող եւ մաքսազերծման հարցում «օգնող» միջնորդները այլ հարկատեսակներով ավելի շատ հարկեր վճարեն։ Դա, իհարկեր, չէր կարող չանդրադառնալ վաճառականներին նշված  ծառայությունների մատուցման գնի վրա։ Բայց վերջին պահին, վաճառականների բողոքներից հետո կառավարությունը «քցել է» նշված միջնորդներին՝ սակագնի բարձրացման մեղքը ամբողջությամբ բարդելով նրանց վրա։ Սա է պատճառը, որ միջնորդները չեն կարողանում բացատրել, թե ինչու են վաճառականերից ավելի շատ փող վերցնում, տեղեկացնում է ՀԺ-ն։