Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն, որի հրապարակված նախնական արդյունքները եւս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Հարավային Սուդանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքները:
«Հարավային Սուդանի բնակչության այս ընտրությունը արդեն շուրջ 60 տարի՝ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր, տեղի ունեցող ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ամենաթարմ օրինակն է եւ առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ, որը միանշանակ ողջունվում է միջազգային հանրության կողմից:
Հուսով ենք, որ իր կամարտահայտությամբ ընտրելով սեփական ճակատագիրը տնօրինելու ուղին` Հարավային Սուդանը հաջողության կհասնի անկախ պետականության հաստատման եւ կայացման գործում»,- ասել է նա:





























