Երեւանի Ազատության հրապարակը զբաղված կլինի փետրվարի 15-ից մարտի 10-ը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի հունվարի 27-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետի հունվարի 25-ի իրազեկումը` 2011 թվականի փետրվարի 15-ից մարտի 10-ը Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի նույն օրվա մեկ այլ որոշմամբ, ի գիտություն է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի հունվարի 27-ի իրազեկումը` 2011 թվականի փետրվարի 15-ից մարտի 15-ը Ազատության հրապարակում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը իր ասուլիսում հայտարարել էր, թե ՀԱԿ-ը փետրվարի 18-ին հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում:




























