Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Արիֆ Բաբաեւը APA գործակալության հետ զրույցում, փաստացի, հաստատել է այդ երկրում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքի առկայությունը:

Մեկաբանելով ԱՄՆ պետքարտուղարության եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ համապատասխան հայտարարությունները, Բաբաեւն ասել է, որ կանխիչ միջոցառումներ են իրականացվում՝ Ադրբեջանի ազգային անվտանգության եւ շահերի դեմ ուղղված սպառնալիքը վերացնելու համար: «Այդ գործընթացը մշտական է: Ազգային անվտանգության նախարարությունը վերահսկողություն է իրականացնում օպերատիվ իրավիճակի նկատմամբ»,- նկատել է գերատեսչության մամուլի քարտուղարը:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկչության վտանգի մասին: Ըստ դեսպանատան հայտարարության, «սպառնալիքի մակարդակը բավական բարձր է»: ԱՄՆ քաղաքացիները «պետք է զգոնություն պահպանեն, հատկապես հանրային վայրերում»: Ահաբեկչության վտանգի մասին նախազգուշացրել է նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը: