Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն այս միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը մեր երկրի հեղինակության եւ պատվի հարցն է, նույնիսկ պատճառաբանված թերացումներն անընդունելի են ու մենք պետք է կարողանանք միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով։ Այս մասին, կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

NEWS.am-ին կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ասյօր՝ հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Վարչապետը կարեւորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: «Ունենք օտարերկրյա հյուրերի մեծ ցանկ, ժամանելու են տասնյակ երկրների նախագահներ եւ կառավարությունների ղեկավարներ: Նրանց բոլորի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելը մեզ համար կարեւորագույն խնդիր է: Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն այս միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը մեր երկրի հեղինակության եւ պատվի հարցն է, նույնիսկ պատճառաբանված թերացումներն անընդունելի են ու մենք պետք է կարողանանք միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամները վարչապետին զեկուցել են ենթակառուցվածքների ապահովման եւ տեխնիկական մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին եւ նշել, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան եւ ծագող խնդիրներին տրվում են համապատասխան լուծումներ:  Միջոցառումները լավագույնս կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով ներգրավվելու են նաեւ ֆրանսախոս կամավորականներ:

Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաեւ մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների եւ ձեռնարկությունների լայն ներկայացվածություն. նախատեսվում է, որ դրանց թիվը կհասնի 350-ի, իսկ ֆորումի ընթացքում կկնքվեն նաեւ համագործակցության հուշագրեր: Ձեւավորվելու է ֆրանկոֆոն ավան, տեղի է ունենալու գալա համերգ, պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվելու է պետական ընթրիք: Ներկայացվել են Ֆրանկոֆոնիայի նոր հիմնարար փաստաթղթի՝ «Ապրել միասին» պակտի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է նաեւ ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսը, արդեն իսկ տարբեր երկրների լրագրողներ ներկայացրել են հայտեր՝ գագաթնաժողովն ու դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումները լուսաբանելու նպատակով: Նշվել է նաեւ, որ հաստատվել են գագաթնաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվել է հատուկ վեբ-կայք:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ եւ կարեւորել գերատեսչությունների համակարգված աշխատանքը՝ հնարավոր բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքելու եւ արագ լուծումներ գտնելու համար: