Եգիպտոսում գտնվող Հայաաստանի  քաղաքացիների կյանքին ու առղջությանը վտանգ չի սպառնում, նրանք բոլորն իրենց լավ են զգում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Եգիպտոսում Հայաստանի դեսպանության խորհրդական, հյուպատոսական հարցերի պատասպանատու Հրաչյա Փոլաջյանը։ Նա նշեց, որ դեսպանատունը այս օրերին մշտապես կապի մեջ է Հայաստանի քաղաքացիների հետ, ովքեր զանգահարում են դեսպանության կողմից տրամադրված թեժ գծին ու հայտնում իրենց մտահոգող խնդիրների մասին։

«Զանգահարում են, իրենք մեզ են հույս տալիս, մենք էլ իրենց եւ հանգում ենք եզրակացության, որ ճգնաժամը շուտով հանգուցալուծվելու է եւ Եգիպտոսը կրկին անցնելու է իր բնականոն կյանքին»,-հայտարարեց Փոլաջյանը։ Նրա խոսքով՝ Եգիպտոսում ներկայումս շուրջ 100 Հայաստանի քաղաքացի կա, այդ թվում եւ Հայաստանից Եգիպտոս ուսանելու եկած Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի հինգ ուսանողները։

Դեսպանատան աշխատակիցը նշեց, որ Շարմ էլ Շեյխում կան մի քանի տուրիստներ, որոնց Tez Tour տուրիստական գործակալությունը ծրագրում է Հայաստան վերադարձնել փետրվարի 5-ին։ Այնինչ Tez Tour-ից NEWS.am-ին հայտնել են, որ Խուրգադայի եւ Շարմ-էլ-Շեյխի առողջարաններում հանգստացող հայ զբոսաշրջիկները չեն ահազանգել Եգիպտոսում անկայուն իրավիճակի կապակցությամբ:

«Ճիշտ է, Շարմ Էլ Շեյխը մեր դեսպանատնից մոտ 600 կիլոմետր հեռու է գտնվում, սակայն մենք կապի մենք ենք մեր քաղաքացիների հետ եւ փառք Աստծո, որեւէ մեկին որեւէ բան չի պատահել։ Աստված ենք կանչում, որ ամեն ինչ այսուհետ եւս լավ լինի»,-հայտարարեց դեսպանատան աշխատակիցը։   

Ինչ վերաբերում է Եգիպտոսում առկա իրավիճակին, Փոլաջյանը հավաստիացրեց, որ ցուցարարները հանդարտվում են եւ իրավիճակը կայունանալու միտումներ է դրսեւորում։

Հիշեցնենք, որ Եգիտպոսի մայրաքաղաք Կահիրեում բողոքի գործողությունները սկսել են հունվարի 25-ից։ Ցուցարարները պահանջում էին  երկրի նախագահի հրաժարականը։ Խաղաղ ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, որի հետեւանքով մեկ ոստիկան զոհվել է, 200-ից  ավելի ցուցարար ձերբակալվել է: Երկրում հայտարարված պարետային ժամը երկարաձգվել է։ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը տեղի տալով ցուցարարների պահանջին՝ ցրել է կառավարությունը։ Եգիպտոսի ընդդիմությունը՝ «Ազգային միավորում հանուն փոփոխությունների» շարժման առաջնորդ  Մուհամեդ Ալ Բարադեյին իրավունք է տվել ազգային միասնության կառավարության ստեղծման բանակցություններ վարել:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամեդ Ալ Բարադեյը Վիեննայից Կահիրե է ժամանել չորս օր առաջ: