Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը կոռեկտության կոչեր է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Շարմազանովն իր այդ կոչն արել է հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը, թե ցանկության դեպքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող էր գխավորել Հանրապետական կուսակցությունը: «Չեմ կարծում, թե նման հայտարարություններ անելը կառուցողական է: ՀՀԿ-ն պայմանական եղանակով երբեք հայտարարություններ չի արել «Բարգավաճ Հայաստանի» եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ: Այդ համատեքստում մենք նրան կոռեկտության կոչ ենք անում»,- հայտարարել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ պատմությունը պայմանական եղանակ չի հանդուրժում:
Հետեւաբար, ըստ ՀՀԿ քարտուղարի, պետք չէ լուրջ եզրակացություններ անել նմանատիպ քաղաքական անալիզներից: «Ժամանակն ինքը կտա ապագայի բոլոր հարցերի պատասխանները»,- ասել է Շարմազանովը:





























