Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին մեղադրում է զգացմունքներին տրվելու եւ ընկճախտով տառապելու մեջ։ Պատասխանելով իսկական ընդդիմությունը կեղծ ընդդիմությունից տարբերելու Զուրաբյանի առաջարկած չափանիշներին՝ Տիգրան Կարապետյանն ասաց. «Ինձ թվում ա՝ Լեւոն Զուրաբյանը երիտասարդ է, մի քիչ զգացմունքներին է տրվում: Ես բարի մարդ եմ, ես չեմ համարում, որ պետք է մեկին գցես, որ ինքդ աճես: Յուրաքանչյուրը պետք է ինքը անի գործողություններ, այդ գործողությունների հաշվին պետք է իր կշիռը ավելանա: Եթե իրենք ձգտում են որեւէ մեկին գցել, դրանով հեղինակություն ձեռք բերել, դա սիրուն քայլ չի: Դե երիտասարդ է, ջահելություն է կամ էլ` ընկճախտ է»,-այսօր՝ հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԺԿ նախագահը։
Հիշեցնենք, որ Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հունվարի 28-ին հրավիրված ասուլիսում նշեց մի քանի գործոններ, որոնցով հասարակությունը պետք է զանազանի իսկական ընդդիմությանը կեղծ ընդդիմությունից։
«Եթե իշխանությունները տվյալ քաղաքական ուժի հրավիրած հանրահավաքի օրը չեն փակում ճանապարհները, դա նշանակում է, որ գործ չունես իսկական ընդդիմության հետ։ Իսկ եթե փակում են, ուրեմն հանրահավաք է հրավիրել իսկական ընդդիմությունը»,-հայտարարել է ՀԱԿ համակարգողը։ Նա նաեւ իսկական ընդդիմությանը կեղծ ընդդիմությունից տարբերելու չափորոշիչ նշեց այն, թե արդյոք այդ ուժը համարձակվո՞ւմ է իշխանություններին քննադատելիս տալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունը, թե՝ ոչ։
Նկատենք, որ Լեւոն Զուրաբյանը ասուլիսի ժամանակ կեղծ ընդդիմություն համարվող որեւէ քաղաքական ուժի անուն չէր նշել։




























