Թունիսի, Եգիպտոսի եւ մի շարք այլ արաբական երկրների օրինակը կարող է վարակիչ լինել Հայաստանի համար: Այսօր՝ հունվարի 31-ին նման տեսակետ է  հայտնել Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը:

Նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանում տեղի ունեցող ապակառուցողական գործընթացները հղի են իրավիճակի հենց այդպիսի զարգացումներով:

Ավելին, սոցիոլոգը մտավախություն հայտնեց, որ Հայաստանը կարող է հայտնվել այն երկրների շարքում, որոնք 21-րդ դարում իրենք իրենց կոչնչանան: «Շատ երկրներ, որոնք 21-րդ դարում ի վիճակի չեն լինի ինքնուրույն գոյատեւել տնտեսական ու քաղաքական առումներով, ստիպված կլինեն ինքնաոչնչանալ կամ միանալ մեծ միջազգային միավորումներին: Ցավոք, Հայաստանում բացասական միտումները ցույց են տալիս, որ մեր երկիրը եւս կարող է հայտնվել այդ երկրների ցանկում»,- նշել է նա, ընդգծելով, որ ներկայումս Հայաստանում առանց բացառության բոլոր ոլորտներում ապակառուցողական գործընթացներ են ընթանում, ինչն անպայման կանդրադառնա սպասվող ընտրությունների արդյունքների վրա: