Վրաստանում Քրիս Դե Բուրգի համերգի համար երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ֆոնդից տրամադրել է 1 միլիոն 700 հազար լարի, Պլասիդո Դոմինգոյի համերգի համար՝ 700 հազար լարի, իսկ Մրայա Քերրի համերգի համար` 371 հազար լարի:

Այս մասին նշում է վրացական ընդդիմադիր «Ասավալի-դասավալի» թերթն ու հավելում. «Ինչի վրա պետք է ծախսվի, եւ ինչի վրա են ծախսվում Վրաստանի նախագահի եւ կառավարության ֆոնդերը այն ժամանակ, երբ պետությունում սոցիալ-քաղաքական իրավիճակը օրըստօրե ավելի է բարդանում: Սննդամթերքի եւ ապրելու համար անհրաժեշտ ապրանքների գները ակնթարթային արագությամբ ավելանում են, իսկ ղեկավարությունն ամեն օր «լվանում է» Վրաստանի քաղաքացիների ուղեղները»:

Պարբերականի ներկայացմամբ, Սահակաշվիլիի կառավարությունը միտումնավոր վատթարացնում է երկրի սոցիալական իրավիճակը, քանի որ նա տեսավ, որ ժողովուրդն անզոր է, եւ  որքան ուզի, այդքան կթալանի:

Ազգային բանկի նախկին ղեկավար Նոդար Ջավախիշվիլիի խոսքով, ամբողջ աշխարհում ճգնաժամ է, իսկ Վրաստանի ղեկավարությունը զբաղված է, բնակչության գրպանից հանած միլիոնավոր լարիներով, ժամանակ անցկացնելով:

«Սկսենք նրանից, որ նախագահի եւ ղեկավարության ռեզերվային ֆոնդերում ընդամենը 110 միլիոն լարի է: Այստեղից 55 միլիոն լարին նախագահի ֆոնդում է, իսկ մնացած կեսը` կառավարության: Այս փողերը  գողացած է հասարակ բնակչության գրպանից: Այդ գումարից  90 միլիոնը արդեն ծախսվել է, սակայն հայտնի չէ, թե ինչի վրա»,-ասել է բանկի նախկին ղեկավարը:

Թերթը նշում է նաեւ, որ Սահակաշվիլին 3 տարվա ընթացքում ծախսել է 60 միլիոն, որպեսզի աշխարհին զարմացնի Վրաստանում տեղի ունեցած հրաշքներով:

2010 թվականին 9 ամսվա ընթացքում, համերգների եւ տարբեր մշակութային միջոցառումների վրա ծախսվել է 11,5 միլիոն: